Այսօր հայտնի է դարձել Իբսենյան մրցանակի 2014 թվականի դափնեկիրը: Նա ավստրիացի գրող և դրամատուրգ Պետեր Հանդքեն է:
Պետեր Հանդքեն ծնվել է 1942թ.: Նա Գրացի համալսարանում ուսմանը զուգընթաց դարձել է «Քաղաքային զբոսայգու ֆորում» գրական խմբի անդամ, տպագրվել է «Manuskript» ամսագրում, ավելի ուշ անդամակցել է «Գրացյան խումբ» գրական միավորմանը, որում ներգրավված են եղել նաև Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլֆրիդա Ելինեկը և Բարբարա Ֆրիշմուտը: Հանդքեն անդամակցել է նաև «Խումբ-47»-ին:
1965 թվականից Հանդքեն իրեն ամբողջությամբ նվիրում է գրականությանը: 1960-ականների վերջերին նրա պիեսներն առաջատար տեղ են զբաղեցրել Արևմտյան Գերմանիայի դրամատուրգների ներկայացումների շարքում: Հանդքեի պիեսները թարգմանվել են աշխարհի տասնյակ լեզուներով և ներկայացվել Եվրոպայի առաջատար թատրոններում` փարիզյան «Քոմեդի ֆրանսեզ»-ից մինչև վիեննական քաղաքային թատրոն:
Երկար տարիներ Պետեր Հանդքեն բարեկամություն է արել և համագործակցել ռեժիսոր Վիմ Վենդերսի հետ: Հանդքեի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են «Դարպասապահի վախը տասնմեկմետրանոցի առջև», «Կեղծ շարժում», «Երկինքը Բեռլինի ներքո» ֆիլմերը:
2006 թ. Հանդքեն հրաժարվել է Հերման Հայնեի մրցանակից, քանի որ գերմանական իշխանությունները դատապարտել էին գրողի դիրքորոշումը հարավսլավական հարցի վերաբերյալ և Սլոբոդան Միլոշևիչի հուղարկավորության ժամանակ նրա խոսքը, որում գրողն ասել էր, որ «Միլոշևիչը պաշտպանեց սերբ ժողովրդին»:
Իբսենյան միջազգային մրցանակը հիմնվել է 2007 թ.՝ Նորվեգիայի կառավարության կողմից: Այն շնորհվում է թատերական գործիչներին և թատրոններին, որոնք աջակցում են Հենրիկ Իբսենի ստեղծագործության ոգուն համահունչ արվեստի տարածմանը: Թատերական մրցանակը ամենանշանակալիցն է ամբողջ աշխարհում, նրա մրցանակային ֆոնդը կազմում է 300 հազար եվրո: Իբսենյան առաջին մրցանակակիրն է եղել Պիտեր Բրուկը (2008), 2009-ին մրցանակը շնորհվել է Արիանա Մնուշկինային: Եթե մինչև 2010թ. մրցանակը շնորհվում էր ամեն տարի, ապա դրանից հետո` երկու տարին մեկ անգամ: 2012թ. մրցանակակիր է դարձել հայտնի գերմանացի ռեժիսոր և երաժիշտ Հայներ Գեբելսը:
Մեր կողմից հավելենք, որ Պետեր Հանդքեի ստեղծագործություններից հայերեն լույս են տեսել «Ճակատագրական դժբախտություն» և «Դարպասապահի վախը տասնմեկմետրանոցի առջև» վիպակները: Պետեր Հանդքեն նաև Նոբելյան մրցանակի դափնեկիր է:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ